понедельник, 4 июня 2012 г.

Օլիմպիական խաղերի ՄԵՐ չեմպիոնը

Ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանին Եվրոպայի չեմպիոն տիտղոսը չի խանգարում բարձրագույն կրթություն ստանալ.

Մանկապարտեզում նրա անկողինն առանձին էր, ճաշացանկը նույնպես: Ուտում էր այն, ինչ սիրում էր: Երբ բոլոր երեխաները քնում էին, նա գնում էր խաղալու: Սակայն ոչ թե նրա համար, որ դաստիարակներն ու դայակները գուշակել էին Արսեն Ջուլֆալակյանի չեմպիոն դառնալու մասին, այլ ուղղակի տղայի ակտիվությունն ու կամքի ուժը դեռ մանուկ հասակում էր դրսևորվել:
<<Ամեն ինչ անում էի.երգում էի, պարում, արտասանում: Չարություններ էլ էի անում, բայց դե դաստիարակներն ինձ շատ էին սիրում: Նույնիսկ ընկերուհի ունեի>>,-պատմում է նա: Երեխայի մտավոր ունակությունները նկատելով` մայրը նրան տարբեր խմբակների էր տանում: Մինչ դպրոց հաճախելը անգլերենի դասընթացների էր գնում, հետո երգի, պարի. այսպես մինչև 11 տարեկանը: Այս տարիքից արդեն զբաղվում է ըմբշամարտով:
<<Միայն անգլերենի դասերին էի ստիպված գնում, որովհետև շատ փոքր էի: Մնացած բոլոր տեղերը հաճույքով
էի գնում: Միայն նկարչության չեմ գնացել, քանի որ ամեն ինչ մոտավոր եմ նկարում>>,-ասում է ըմբիշը: Այս ամենով հանդերձ դպրոցում տասը տարի գերազանց է սովորել: Մինչև 6-րդ դասարանը սպորտը շատ հեշտ համատեղում էր դասերի հետ: Հետո սկսվեցին սպորտային հաջողությունները, դասերն էլ տարիների հետ բարդացան, և պատանի չեմպիոնի առօրյան ավելի ծանրաբեռնվեց: Իսկ երբ սկսեց պատրաստվել ընդունելության քննություններին, գործն ավելի դժվարացավ: Այդ ժամանակ պետությունը մարզիկին հնարավորություն էր տվել Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում անվճար սովորել, քանի որ Արսենը պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն էր դարձել: Բայց նա ձգտում էր այլ մասնագիտություն ևս ունենալ. <<Այսպես երկու տարի շարունակ ամբողջ օրը վազվզոցի մեյ էի: Նույնիսկ լինում էին պահեր, երբ հուսահատվում էի և ցանկանում վերջ տալ ամենին, բայց շատ արագ սթափվում էի և շարունակում նույն ոգով: Մեր ընտանիքում կրթությունն առաջնային պլաններում էր>>: Արսենի աշխատասիրությունը իր արդյունքը տվեց. 2004թ-ին նա ընդունվեց ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Գերազանց առաջադիմության շնորհիվ 2009թ-ին ճանաչվել է ֆակուլտետի լավագույն ուսանող, նաև պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով: Այժմ պատրաստվում է շարունակել կրթությունը ասպիրանտուրայում և միևնույն ժամանակ պատրաստվում է 2012թ-ի օլիմպիական խաղերին: Այս և մի շարք այլ գործերում տղային օգնել և օգնում է ուժեղ պատասխանատվության զգացումը, կայուն բնավորությունը, որոնք էլ ձևավորվել են ջերմ և ամուր ընտանեկան մթնոլորտում: Հատկապես մայրը մեծ դեր ուներ որդիների դաստիարակության գործում.
<<Տարիներ առաջ մայրս տեսնելով, որ փոքր եղբայրս կարճ ժամանակում բավականին գիրացել էր, նրան ամեն օր ուղարկում էր վազելու: Բայց քանի որ եղբայրս մի քիչ ծուլություն էր անում, ինքն էլ վազում էր հետը: Նա միշտ մեր կողքին է և միշտ քաջալերում ցանկացած հարցում>>,-ասում է նա:
Ըստ Արսենի` իր բնավորության բացասական գիծ է չափից շատ համառությունը: Սպորտում պետք է համառ լինել, բայց առօրյա կյանքում մի քիչ խանգարում է. <<Մի անգամ որոշեցի մեծահասակների հավաքականի հետ մասնակցել վազքի մրցումների: Չէին թողնում, քանի որ ընդամենը 15 տարեկան էի և պետք է մրցեի 22 տարեկանից բարձր մարզիկների հետ: Բայց համառությանս շնորհիվ մասնակցեցի. հաղթողից հինգ վարկյան առաջ էի անցել: Չնայաց վազքից հետո վատացել էի, բայց հաղթանակն այնքան հաճելի էր, որ նույնիսկ մայրս չէր նկատել վիճակս: Անկեղծ ասած` համառությունիցս այնքան էլ չեմ բողոքում>>,-պատմում է Արսենը: Այսպիսի ուժի տեր մարզիկը չի շտապում սպորտային ունակությունները կիրառել փողոցում: Միշտ ձգտում է զերծ մնալ այդպիսի վեճերից, քանի որ կարծում է` եթե դիմացինիդ և քո ուժերը համապատասխան չեն, ապա չպետք է ռիսկի դիմել և վնասել մարդկանց: Լինելով ապագա դիվանագետ` Արսենը միշտ փորձում է խոսքով հասկացնել նրանց, ովքեր որոշում են ուժ գործադրել: Նա իր ուրույն մտածելակերպն ունի նաև ընտանեկան հարցերում: Սակայն, սիրելի մարզասեր հայուհիներ, մի շտապեք նրա մեջ ձեր ապագա ընտրյալին տեսնել, քանի որ Արսեն Ջուլֆալակյան մարզիկի սիրտը արդեն զբաղված է:



Комментариев нет:

Отправить комментарий