
Ծխողներին պետք է առանձնացնել չծխողներից.
41-ամյա Յուրան առաջին և վերջին անգամ ծխել է բանակում: Պատահական էր ստացվել: Ընկերները առաջարկեցին, ինքն էլ չհրաժարվեց: Այդ օրվանից Յուրան հիասթափվեց ծխախոտից: Այսօր նույնիսկ ծխախոտի հոտը չի սիրում, բայց ակամա ստիպված է լինում հաճախ շնչել իրեն այդքան տհաճ ծուխը: <<Ընկերների շրջապատում դժվար է զերծ մնալ ծխախոտի ծուխից: Երբ ընկերներով հավաքվում ենք, առաջին բաժակից հետո բոլորը վառում են ծխախոտները: Չես էլ կարողանում արգելել>>,-ասում է նա: Եվ այսպես չծխողներն էլ անկախ իրենցից դառնում են պասիվ ծխողներ: Դրան նպաստում են նաև այսօրվա մեր քաղաքների սրճարանները, ռեստորանները, ինտերնետ ակումբները և մի շարք այլ ժամանցի կենտրոններ: Մայրաքաղաքում դեռ հնարավոր է գտնել սրճարաններ և ռեստորաններ, որտեղ ծխողների և չծխողների համար առանձին սրահներ կան: Իսկ որոշ մարզերում այդպիսիք այնքան քիչ են, որ կստացվի ամբոխի մեջից ասեղ փնտրել: Երևանում նույնպես հեշտ չէ նման ժամանցի վայրեր գտնել, բայց այնուամենայնիվ կան: Կան նաև սրճարաններ, որոնց տնօրենների հավաստմամբ ապագայում կունենան նման սրահներ:
Երևանի <<Ցենտր>> սրճարանում պատրաստվում են ծխողների համար առանձին սրահ կառուցել. <<Ես ինքս ծխող մարդ եմ, բայց տանել չեմ կարողանում սիգարի հոտը: Երբ այստեխ սիգար են ծխում, ես ցանկացած անկյունից զգում եմ: Մտածում էի արգելել սիգար ծխել, բայց ժատերը կարող է նեղանային: Անգամ դա չկարողացա արգելել>>,-ասում է սրճարանի տնօրեն Գագիկ Ասատրյանը: Նա կարծում է, որ եթե արգելի ծխելը, շատ հաճախորդներ կկորցնի. Նրանց մոտ տղամարդկանցից շատ հաճախում են նաև ծխող կանայք: <<Մինչ այսօր ծխող և չծխող հաչախորդների միջև ընդհարումներ չեն եղել: Կարծում եմ, որ եթե օդափոխությունը լավ է աշխատում, ապա նման խնդիրներ չեն լինի: Իսկ մեզ մոտ այն շատ լան է աշխատում>>,-ասում է նա:
Մինչ սրճարանների տնօրենները մտածում են սիգար ծխող հաճախորդների և իրենց եկամուտների մասին, շատերը դառնում են պասիվ ծխողներ և չեն էլ մտածում դրա մասին: Իսկ խիստ հայրիկները ահաբեկում են իրենց տղաներին. <<Նայի հա~, որ բռնեմ` սևդ կտամ>>: Միևնույն ժամանակ իրենք իսկ օրինակ չեն ծառայում իրենց որդիներին:
Յուրայի տղան 15 տարեկան է, բայց երբեք հորից նման խոսքեր չի լսել: Նա նույնպես չի ծխում: